Պահանջմունք

Պահանջմունք, նորմալ կենսագործունեության և հոգեկան ակտիվության համար անհրաժեշտ որևէ երևույթի, արժեքի կարիքը։ Յուրաքանչյուր կենդանի օրգանիզմի, այդ թվում նաև մարդու հոգեկան ակտիվության հիմքում ընկած է պահանջմունքները։ Պահանջմունքներն այն ամենի ամբողջությունն են, ինչի կարիքն ունի կենդանի օրգանիզմը իր կենսագործունեությունը պահպանելու, գոյատևելու, հարմարվելու և զարգանալու համար։ Պահանջմունքն, առաջ գալով, մարդուն մղում է ակտիվության կամ նույնիսկ նպատակասլաց գործունեության, որի նպատակը այդ պահանջմունքը բավարարելու համար անհրաժեշտ հատկություններ ունեցող օբյեկտներ ձեռք բերելն է։ Պահանջմունքի բավարարումն անհրաժեշտ է օրգանիզմի և անձի պահպանման ու զարգացման համար։ Մարդիկ զարգացման գործընթացում հաճախ ձեռք են բերում նաև վնասակար պահանջմունքներ (օրինակ, ծխելու կամ սպիրտային խմիչքներ օգտագործելու պահանջմունք)։

Պահանջմունքները ընկած են մարդու հոգեկան ակտիվության հիմքում։ Մարդը ակտիվ է այնքանով, որքանով նա ունի պահանջմունքներ, որոնք անհրաժեշտ էբավարարել։ Սեփական պահանջմունքների գիտակցումը կապված է անձի ընդհանուր զարգացման, նրա գիտակցության, ինքնգիտակցության, խոսքի, մտածողության ձևավորման հետ։ Պահանջմունքների գիտակցումը կատարվում է աստիճանաբար, անձի զարգացման հետ զուգընթաց։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *